Արքիմեդի էվրիկայի իրական պատմությունը

Ք.ա. III դարում Սիցիլիայի քաղաք Սիրակուզի արքա Հիերոնը հանձնարարեց Արքիմեդին հսկել աննախադեպ մասշտաբի ինժեներական մի նախագծի կատարումը: Հիերոնը հանձնարարել էր կառուցել մի նավ՝ 50 անգամ ավելի մեծ, քան ստանդարտ ռազմանավը, որ կկոչվեր «Սիրակուզ»՝ ի պատիվ քաղաքի: Նա ուզում էր կառուցել երբևէ գոյություն ունեցող ամենամեծ նավը, որը պետք է նվիրեին Եգիպտոսի կառավարիչ Պտոլեմին: Արդյո՞ք հնարավոր էր, որ պալատի չափ նավը մնար ջրի երեսին: Արքիմեդի օրոք ոչ-ոք չէր փորձել նման բան կառուցել: Դա նույնն էր, ինչ հարցնելը, թե արդյոք կարող է սարը թռչել: Հիերոն արքան մեծ հույսեր էր փայփայում նավի հետ կապված: Հարյուրավոր բանվորներ տարիների ընթացքում կառուցում էին «Սիրակուզ» նավը՝ օգտագործելով Էտնա լեռան մոտ աճող սոճիներն ու եղևնիները, Իսպանիայում աճող կանեփից հյուսած ճոպանները և Ֆրանսիայից բերված կուպրը: Վերին տախտակամածը, որտեղ պիտի 8 պահակադիտանոցները լինեին, պետք է ամրացված լիներ ոչ թե սյուներով, այլ իր ուսերին երկրագունդը պահող Ատլասի հսկայական փայտե արձաններով: Նավի առաջամասում լինելու էր հսկայական քարաձիգ, որ կրակելու էր 80 կգ վիթխարի քարերով: Ուղևորներին զվարճացնելու համար նավի վրա լինելու էին ծաղիկներով եզերված զբոսավայր, ծածկոցով լողավազան և տաք ջրով բաղնիքներ, գրքերով ու արձաններով լի գրադարան, Ափրոդիտե աստվածուհու տաճարը և մարզասրահ: Եվ Արքիմեդի խնդիրն է՛լ ավելի բարդացնելու համար Հիերոնը մտադիր էր բեռնել նավը՝ 400 տոննա հացահատիկ, 10000 տարրա մարինացված ձուկ, 74 տոննա խմելու ջուր և 600 տոննա բուրդ: Նավը պետք է փոխադրեր մոտ 1000 մարդ, ներառյալ 600 զինվոր, Ինչպես նաև առանձին ախոռներում 20 ձի: Արդյո՞ք նման չափսերի նավը չէր կործանվի իր առաջին իսկ նավարկության ժամանակ: Պարզապես նշենք, որ ձախողումը Արքիմեդի համար հաճելի տարբերակ չէր լինի: Եվ նա սկսեց մտորել. «Արդյո՞ք նավը կխորտակվի»: Հավանաբար այն օրը, երբ նա բաղնիքում նստած խորհում էր, թե ինչպես կարող է ծանր լոգարանը մնալ ջրի մակերեսին, նրա մոտ մի միտք ծագեց: Մասամբ ջրում գտնվող առարկան դուրս է մղվում մի ուժի կողմից, որը հավասար է այն հեղուկի քաշին, որը առարկայով է փոխարինվել: Այլ կերպ ասած, եթե 2000 տ քաշով «Սիրակուզ» նավը ճիշտ 2000 տ ջուր դուրս մղի, ապա այն հազիվ կմնա ջրի մակերեսին: Իսկ եթե այն 4000 տ ջուր դուրս մղեր, ապա առանց որևէ խնդրի կլողար ջրի վրա: Իհարկե, եթե այն միայն 1000 տ ջուր դուրս մղեր, Հիերոնը այդքան էլ երջանիկ չէր լինի: Սա դուրս մղման օրենքն է, որը ֆիզիկոսները մինչև այժմ անվանում են Արքիմեդի օրենք: Այն բացատրում է, թե ինչպես է պողպատե մեծ նավը լողում փայտե նավակի կամ էլ լոգարանի պես թեթև: Եթե նավի ողնուցի կողմից դուրս մղված ջրի զանգվածը հավասար է նավի զանգվածին, ապա ինչ էլ լինի ողնուցից վերև կմնա ջրի մակերեսին: Այս ամենը թվում է, թե Արքիմեդի և լոգարանի մասին մեկ այլ պատմություն է, և հավանաբար այն պատճառով, որ դրանք իրականում միևնույն պատմությունն են, պարզապես մի փոքր խեղաթյուրված: Արքիմեդի «Էվրիկայի» մասին իրական պատմությունը ծավալվում է թագի կամ լատիներեն corona-յի շուրջ: «Սիրակուզիայի» մասին պատմության հիմքում ընկած է ողնուցը կամ հունարեն korone: Արդյո՞ք խառնաշփոթ է եղել: Մենք դա երբեք չենք իմանա: Այն օրը, երբ «Սիրակուզ» նավը իր առաջին և միակ նավարկությանը ժամանեց Եգիպտոս, կարող ենք միայն պատկերացնել, թե ինչպես էին Ալեքսանդրիայի բնակիչները հավաքվել նավահանգստում՝ հիանալու այդ արքայական, լողացող ապարանքով: Նմանը չունեցող այս նավը հին աշխարի Տիտանիկն էր, մի տարբերությամբ միայն, որ, ի շնորհիվ մեր բարեկամ Արքիմեդի, այն չսուզվեց:

Оставьте комментарий